вторник, 13 марта 2012 г.

Անհետացող Հիշողություններ


Շատ տարօրինակ զգացմունքներով եմ լցված…
Մի քանի ժամ առաջ լուսանկարիչ Հայկ Բիանջյանի նկարահանած ֆիլմի ցուցադրությանն էի:
“Անհետացող Հիշողություններ”
Հայ իրականությությունն ինչպես միշտ սարսափ է առաջացնում: Ամբողջովին լուսանկարներից պատրաստված  ֆիլմը ներկայացնում էր Երևանյան պատմամշակութային արժեքների ավիրման գործընթացը: Ամիրյան, Բյուզանդ, վաղաժամ ավարտված մարդկային կյանքեր, պատմական շերտի ոչնչացում, սառնասրտություն … ու օրենքը չի դատապարտում շենքեր քանդողնեին, բայց չէ՞ որ դա էլ է սպանություն, հիշողությունների ավիրում, անվերջ ցավ:
Մի պահ ցրելու համար մարմնիս դողը հայացք նետեցի լսարանում գտնվողների հայացքներին` ես միայնակ չէի, անգամ կողքից նստած իտալացի դասախոսի աչքերում էր երևում մեծագույն ցավ ու սարսափ: Լսարանում համատարած ցավի ու կարեկցանքի մթնոլորտ էր տիրում:
Երեկ քույրիկիս 7 տարեկան տղայի պատրաստած պաստառն էի նայում :
 “Ես սիրում եմ իմ Երևանը”
Նայում էի ու մտածում, որ անգամ նրա պաստառում են բացակայում իմ մանկական հիշողություններում մնացած մի քանի շենք, իսկ մեր տարիքային տարբերությունն ընդամենը 14 տարի է… Ի՞նչ է լինելու իմ երեխայի պաստառի վրա: Հյուսիսայի՞ն պողոտա ու բուտիկների “այգի” : Դա՞ է լինելու Երևանի դեմքը: Դա՞ է լինելու  պատկերված այն բացիկի վրա, որով իմ երեխան ցույց է տալու իր օտարերկրյա ընկերներին իր հազարավոր տարիների կյանք ունեցող քաղաքը: Ու նրան հավատալու՞ են: Իսկ իմ երեխան ինձ հավատալու՞ է, երբ պատմեմ նրան, որ մենք երկհարկանի եկամտաբեր տներ, ներքին բակերով ու շատ մտերիմ հարևաններով բնակելի սակավահարկ տներ ենք ունեցել, որ ծառից թութ ենք թափ տվել, որ ունեցել ենք բակային ընկերներ ու բակ, ուր թողնում էին մեզ առանց վախենալու, որ հարևանի մեքենան մեր վրայով կանցնի, որ բակերում ծառեր կային ու այնքան տերև ունեին, որ հավաքում ու շորեր էինք կարում:
Իսկ ես ինչպե՞ս հավատամ իմ ծնողներին, որոնք իսկական Երևանցու կերպարի մասին են ինձ պատմում: Ու՞ր է իսկական Երևանցին, ով պաշտում է իր պապերի կառուցածը? Իմ տեսած մարդիկ, որ այնքան Երևանցի են իրենց համարում, որ իրավունք են վերապահում իրենց Երևանի ապագայի հետ կապված որոշումներ ընդունել, չեն հարգում ոչինչ` ոչ պապերի կառուցածը, ոչ պատմությունը, ոչ էլ մարդկային կյանքն ու հիշողությունների կարևորությունը: Սակայն բարձր գլխով “հանրային շահի” ու “Թամանյանի երազանքների” մասին են խոսում…
Հիշու՞մ եք “Mea Culpa”ն: “Պետք է Բաղրամյան փողոցի ծառերից կախել մեր չինովնիկներին, որ մեր երեխաներն էլ տեսնեն, թե նման մարդկանց հետ ինչպես են վարվում”:
Ուզում եմ փոքրիկ գրառումս ավարտել խորհին շնորհակալությամբ մեր ակտիվիստներին` նրանց ովքեր օր ու գիշեր են անցկացնում Մաշտոցի այգում, ովքեր պայքարում Էին Արամի 30 համար, ովքեր փրկեցին կինո “Մոսկվա”-ի բաց դահլիճը, ովքեր իրենց մարմինն են դնում քանդվող շենքերի արջև և նրանք ովքեր գոնե պատահական, բայց փողոցում ստորագրահավաք կազմակերպածներին տեսնելիս կանգնում ու ստորագրում են` հանուն մեզ, հանուն մեր ապագայի, հանուն մեր պապերի: Ես խոնարհվում եմ Ձեր առջև և խոստանում եմ չմոռանալ իմ լուման էլ ներդնել Ձեր անձնազոհ աշխատանքի մեջ:

Комментариев нет:

Отправить комментарий